Art:Jack Forbes
Նկարը՝ Ջեք Ֆորբսի

Ընտրությունները լուսաբանելիս. լրագրողների անվտանգության կանոնների լրակազմ

Ընտրությունների ժամանակ լրագրողները հաճախ լուսաբանում են հանրահավաքներ, արշավների շրջանակներում անցկացվող միջոցառումներ և բողոքի ցույցեր, որոնք կարող են բարձրացնել նրանց՝ հարձակման ենթարկվելու, ոտնձգությունների և ձերբակալությունների ռիսկերը: CPJ Emergencies-ը կազմել է Անվտանգության կանոնների լրակազմ, որը պարունակում է խմբագիրների, լրագրողների և ֆոտոլրագրողների համար նախատեսված տեղեկություն այն մասին, թե ինչպես պատրաստվել ընտրություններին և ինչպես մեղմացնել թվային, ֆիզիկական և հոգեբանական ռիսկերը:

Աջակցության կարիք ունեցող լրագրողները կարող են կապվել CPJ-ին emergencies@cpj.org էլեկտրոնային հասցեով:

CPJ-ի ռեսուրսների կենտրոնը պարունակում է հավելյալ տեղեկություն և գործիքներ նախնական առաջադրանքի պատրաստման և հետմիջադեպային աջակցության համար:

Բովանդակությունը

  • COVID-19 անվտանգության ընդհանուր դիտարկումներ
  • Խմբագրի անվտանգության ստուգաթերթ
  • Ֆիզիկական անվտանգություն. քաղաքական հանրահավաքներ և բողոքի ցույցեր լուսաբանելիս
  • Ֆիզիկական անվտանգություն. անհյուրընկալ համայնքներում աշխատելիս
  • Ֆիզիկական անվտանգություն. հանցագործությունից տուժած վայրերում աշխատելիս
  • Հոգեբանական անվտանգություն. տրավմայի, տրավմատիկ սթրեսի և PTSD-ի կառավարում
  • Թվային անվտանգություն. սարքերի նախապատրաստումը քաղաքական հանրահավաքներին
  • Թվային անվտանգություն. նյութերի պահպանում և պահուստավորում
  • Թվային անվտանգություն. կապի անջատմանը նախապատրաստվելիս
  • Թվային անվտանգություն. առցանց ոտնձգություն և ապատեղեկատվական արշավներ

COVID-19 անվտանգության ընդհանուր դիտարկումներ 

Ընտրություններին պատրաստվեիս լրատվամիջոցների աշխատակիցները հաճախ են ռեպորտաժներ վարում լայնածավալ հավաքներից, ինչպիսին են քաղաքական հանրահավաքները, ընտրությունների շրջանակներում անցկացվող միջոցառումները և դրանց առնչվող բողոքի ցույցերը: Նման միջոցառումների ժամանակ COVID-19-ի համար պահանջվող ֆիզիկական հեռավորության անվտանգության միջոցները կարող են չկիրառվել և/կամ մարդիկ կարող են դրանց չհետևել՝ բարձրացնելով վիրուսով վարակվելու հավանականությունը:

COVID-19 խոցելի խմբին պատկանող անձինք կամ խոցելի անձանց հետ բնակվողները պետք է հաշվի առնեն և քննարկեն նման միջոցառումներից ռեպորտաժներ վարելու հետ կապված ռիսկերը: Լրատվամիջոցների աշխատակիցները պետք է զգոն լինեն իրենց ուղղությամբ կամ կողքին հազացող կամ փռշտացող անձանց նկատմամբ (թե միտումնավոր, թե պատահական) և նկատի ունենան, որ վիրուսի մեծ քանակությամբ փոքր կաթիլներ կարող են տարածվել օդում, եթե իշխանությունների կողմից կիրառվի արցունքաբեր գազ կամ պղպեղի լակի: Այստեղ պետք է դիտարկվի համապատասխան անձնական պաշտպանության (PPE) սարքի առկայությունը, ինչպես նաև ձեռքերը կանոնավոր կերպով և մանրակրկիտ լվանալը, դեմքին դիպչելուց խուսափելը և սարքը կանոնավոր մաքրելը: 

COVID-19 և ռեպորտաժներ վարելու անվտանգության վերաբերյալ ավելի մանրամասն խորհրդատվության համար խնդրում ենք անցնել CPJ-ի Կորոնավիրուսի համավարակը լուսաբանելիս անվտանգության մասին խորհրդատվական էջի հղումով:

Խմբագրի անվտանգության ստուգաթերթ

Ընտրություններին ընդառաջ խմբագիրըները և լրատվասենյակները կարող են լրագրողներին հանձնարարել լուսաբանել որոշ պատմություններ կարճ ծանուցմամբ: Այս ստուգաթերթում ընդգրկված են աշխատակիցների ռիսկերի նվազեցմանը միտված առանցքային հարցեր և քայլեր:

  • Արդյո՞ք ձեր աշխատակիցները բավարար փորձառություն ունեն առաջադրանքի համար
  • Քննարկե՞լ եք արդյոք առողջական խնդիրներ, որոնք ձեր աշխատակիցները կարող են ունենալ, և որոնք կարող են ազդել նրանց վրա առաջադրանքը կատարելիս
  • Արդյո՞ք ապահով գրանցել եք ներգրավված բոլոր աշխատակիցների արտակարգ իրավիճակների դեպքում նախատեսված կոնտակտային տվյալները
  • Արդյո՞ք թիմն ունի համապատասխան հավատարմագրում, մամուլի անցաթղթեր կամ գրություն, որտեղ նշված է, որ նրանք աշխատում են ձեր կազմակերպությունում
  • Արդյո՞ք հաշվի առել եք տվյալ պատմության հետ կապված ռիսկի ծավալը, որին կարող է ենթարկվել ձեր թիմը: Արդյո՞ք ռիսկի նման ծավալն ընդունելի է՝ խմբագրական ձեռքբերումների դիմաց:
  • Արդյո՞ք տվյալ առաջադրանքում ներգրավված լրագրողներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում իրենց ունեցած դերի, սեռի, էթնիկական պատկանելության, սեռական կողմնորոշման կամ պրոֆիլի պատճառով: Օրինակ՝ ֆոտոլրագրողները, որոնք աշխատում են գործողությունների վայրի մերձակայքից:
  • Արդյո՞ք անհրաժեշտ են այնպիսի հատուկ սարքավորումներ, ինչպիսին են զրահաբաճկոնները, շնչադիմակները կամ բժշկական առաջին օգնության պարագաների հավաքածուները: Արդյո՞ք լրագրողներին հասանելի են անհրաժեշտ սարքավորումները, և արդյո՞ք նրանք գիտեն՝ ինչպես օգտվել դրանցից:
  • Լրագրողներն իրե՞նք են վարում փոխադրամիջոցները, և եթե այո, արդյո՞ք նրանց մեքենաները պիտանի են և պատշաճ վիճակում՝ ճանապարհ գնալու համար:
  • Արդյո՞ք որոշակիացրել եք թիմի հետ հաղորդակցվելու ձեր միջոցները, և անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս նրանք պետք է հեռանան միջադեպի վայրից: Եթե այո, մանրամասները ներկայացրեք ստորև.
  • Պարզե՞լ եք տարածքի բժշկական հաստատությունների գտնվելու վայրը, եթե լինեն վիրավորումների դեպքեր: 
  • Արդյո՞ք թիմն ըստ հավուր պատշաճի ապահովագրված է, և արդյո՞ք դուք ձևակերպել եք համապատասխան բժշկական ապահովագրություն:
  • Արդյո՞ք դիտարկել եք երկարատև տրավմատիկ սթրեսի հավանականությունը:

Ռիսկերի գնահատման և պլանավորման վերաբերյալ հավելյալ տեղեկության համար այցելեք CPJ ռեսուրսների կենտրոն:

Ֆիզիկական անվտանգություն. քաղաքական հանրահավաքներ և բողոքի ցույցեր լուսաբանելիս

Ընտրությունների ժամանակ լրագրողները հաճախ ռեպորտաժներ են վարում քաղաքական հանրահավաքներից, ընտրությունների շրջանակներում անցկացվող միջոցառումներից և բողոքի ցույցերից: Ընդհանուր առմամբ նման իրավիճակները պետք է որևէ անհանգստություն չներկայացնեն, սակայն, կախված արշավի մթնոլորտից, լրագրողները կարող են ռիսկի ենթարկվել:

Ռիսկը նվազագույնին հասցնելու համար լրատվամիջոցների աշխատակիցները պետք է հետևեն ներքոնշյալ անվտանգության խորհուրդներին՝

Քաղաքական իրադարձությունների և հանրահավաքների դեպքում՝

  • Համոզվեք, որ ունեք ճշգրիտ հավատարմագրում կամ մամուլի նույնականացում: Արտահաստիքային աշխատողների (ֆրիլանսերների) պրագայում օգտակար կլինի աշխատանք առաջարկող  գործատուի նամակի առկայությունը: Այն ցուցասարքին տեղադրեք, եթե այդպես ապահով կլինի: Մի կիրառեք ձգասարք, այլ ամրացրեք այն գոտուց:
  • Փորձեք հասկանալ ամբոխի տրամադրվածությունը: Հնարավորության դեպքում զանգահարեք այլ լրագրողների, որոնք արդեն ներկա են միջոցառմանը՝ ստուգելու նրանց տրամադրվածությունը: Անհրաժեշտության դեպքում դիտարկեք Ձեզ հետ ևս մեկ լրագրող և ֆոտոլրագրող տանելու հավանականությունը:
  • Անհրաժեշտության դեպքում կրեք հագուստ առանց մեդիաընկերության բրենդինգային պատկերների և հեռացրեք լրատվամիջոցների պատկերանիշները սարքերից/փոխադրամիջոցներից: Կրեք հարմարավետ կոշիկներ:
  • Ձեր մեքենան կայանեք անվտանգ վայրում՝ փախուստի տանող ճանապարհի ուղղությամբ, կամ համոզվեք, որ ունեք երաշխավորված փոխադրման միջոց:
  • Միջոցառմանը ռեպորտաժը վարեք մամուլի համար հատկացված հատուկ տարածքից, եթե այլ հատվածներում ապահով չէ: Պարզեք՝ արդյոք անվտանգության ծառայությունը կամ ոստիկանությունը կաջակցի ձեզ, եթե անախորժության մեջ հայտնվեք, և պարզեք ձեր ելքի ուղիները:
  • Մշակեք փախուստի ռազմավարություն այն դեպքերի համար, երբ իրավիճակը սրվի: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի այն պլանավորել ժամանելիս, սակայն դա արեք նախքան առաջադրանքը սկսելը:
  • Եթե մթնոլորտը լարված է դառնում, լքեք տարածքը և մի սկսեք մարդկանց հարցուփորձ անել:
  • Դրսից ռեպորտաժ վարելիս ողջամիտ կլինի աշխատել գործընկերոջ հետ: Ռեպորտաժը վարեք ապահով վայրից, որտեղ կան հստակ ելքեր, և ծանոթացեք դեպի ձեր փոխադրամիջոց տանող ուղուն:
  • Եթե կա ֆիզիկական ոտնձգության իրական վտանգ, դիտարկեք անվտանգության կարիքները և նվազագույնի հասցրեք ձեր ներկայությունը միջադեպի վայրում միայն խիստ անհրաժեշտության դեպքերի համար:
  • Եթե ամբոխը/ելույթ ունեցողները անհյուրընկալ են գտնվում լրատվամիջոցների հանդեպ, մտավոր պատրաստ եղեք բանավոր վիրավորանքների: Նման հանգամանքներում պարզապես շարունակեք ձեր աշխատանքը և վարեք ռեպորտաժը: Մի արձագանքեք վիրավորանքներին: Ամբոխի հետ մի մտեք որևէ վիճաբանության մեջ: Հիշեք՝ դուք պրոֆեսիոնալ եք, անգամ եթե մյուսները՝ ոչ:
  • Եթե հավանականություն կա, որ ամբոխի կողմից կարող են թքել կամ փոքր իրեր նետել, և դուք վճռական եք վարելու ձեր ռեպորտաժը, դիտարկեք կրել կապիշոնով հագուստ և անջրաթափանց, առանձին պաշտպանիչ գլխարկ:
  • Եթե առաջադրանքը ծանր է եղել, զգացմունքներին մի տրվեք: Պատմեք այդ մասին ձեր ղեկավարներին և գործընկերներին: Կարևոր է, որպեսզի նրանք պատրաստված լինեն, և որ բոլորը միմյանցից սովորեն:

Ընտրությունների ընթացքում անցկացվող բողոքի ցույցերի դեպքում՝

  • Պլանավորեք առաջադրանքը և համոզվեք, որ ձեր բջջային հեռախոսը ամբողջությամբ լիցքավորված է: Պարզեք կոնկրետ վայրը, որտեղ գնալու եք և ուսումնասիրեք տեղանքի հատակագիծը: Նախապես պատրաստեք ձեր անելիքները, որոնք կձեռնարկեիք արտակարգ իրավիճակների դեպքում:
  • Միշտ փորձեք աշխատել ձեր գործընկերներից որևէ մեկի հետ և կանոնավոր գրանցվելու ընթացակարգ ունենալ ձեր հիմնական աշխատավայրում:
  • Կրեք այնպիսի հագուստ և կոշիկներ, որոնցով արագ կարող եք տեղաշարժվել: Խուսափեք թույլ, կախվող հագուստից և կախված ձգասարքերից, որոնցից կարող են բռնել-քաշել, ինչպես նաև դյուրավառ նյութերից (օրինակ՝ նեյլոն): Խուսափեք կրել քաղաքական ուժերին կամ որոշակի խմբերին առնչվող գույներով հագուստ:
  • Ուշադրություն դարձրեք ձեր տեղակայմանը: Եթե կարող եք, գտեք ավելի բարձրադիր վայր տեսարանին հետևելու համար, որտեղ ավելի անվտանգ կլինեք (օրինակ՝ տանիք կամ պատշգամբ): Ցանկացած վայրում միշտ նախատեսեք տարհանման ուղի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում մյուսների հետ հանդիպման վայր: Պարզեք բժշկական օգնության տրամադրման ամենամոտ կետը:
  • Եթե բռնության կանխատեսում կա, դիտարկեք անձնական պաշտպանության սարքի (PPE) կրումը, ինչպիսին են՝ անվտանգության ակնոցները, անվտանգության սաղավարտը և եթե կա անհրաժեշտություն, նաև՝ անվտանգության ժիլետը: Հավելյալ ցուցումների համար կարող եք այցելել CPJ-ի PPE բառացանկ հղումով:
  • Մշտապես եղեք իրավիճակի մասին իրազեկված և սահմանափակեք ձեզ հետ արժեքավոր իրերի կրելը: Մեքենաներում մի թողեք որևէ սարք, եթե դրանց գողանալու հավանականություն կա: Մութն ընկնելուց հետո հանցագործությունների ռիսկն ավելանում է:
  • Ամբոխում աշխատելիս մշակեք ռազմավարություն: Ողջամիտ է ամբոխից դուրս մնալ: Խուսափեք դեպի կենտրոն քաշվելուց, որտեղից դժվար կլինի փախչել: Պարզեք փախուստի ուղին և թիմի հետ աշխատելու պարագայում նախատեսեք արտակարգ իրավիճակներում հանդիպման վայր:
  • Պարզեք ամբոխի տրամադրվածությունը լրագրողների հանդեպ նախքան որևէ ամբոխի մեջ մտնելը, զգոն մնացեք ցանկացած պոտենցիալ հարձակումներից և գուշացեք, որպեսզի չչարաշահեք ձեր հանդեպ ամբոխի բարյացակամ վերաբերմունքը, որն արագ կարող է վերածվել թշնամանքի:
  • Ֆոտոլրագրողները հիմնականում պետք է գործողության կետնրոնում լինեն, ուստի նրանք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Մասնավորապես՝ ֆոտոլրագրողներին պետք է ուղեկցի մեկը, որը կապահովի նրանց անվտանգությունը և կհիշի՝ աչքը բարձրացնել իր տեսաորոնիչից յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ: Խեղդամահության ռիսկից խուսափելու համար մի կրեք տեսախցիկի գոտին ձեր պարանոցի շուրջ: Հաճախ ֆոտոլրագրողները չեն ունենում հեռավորությունից աշխատելու հնարավորության շքեղությունը, ուստի կարևոր է նվազագույնի հասցնել ամբոխի մեջ անցկացնելու ժամանակը: Արագ արեք նկարները և դուրս եկեք այնտեղից:
  • Ձեզ հետ վերցրեք բժշկական առաջին օգնության պարագաների հավաքածու, եթե գիտեք՝ ինչպես օգտվել դրանից.

Ագրեսիայի բախվելիս

  • Կարդացեք մարմնի լեզուն՝ նույնականացնելու ագրեսորին, և օգտագործեք ձեր սեփական մարմնի լեզուն՝ իրավիճակը հարթելու համար:
  • Տեսողական կոնտակտ պահպանեք ագրեսորի հետ, ձեռքի բաց ժեստեր կիրառեք և շարունակեք հանգստացնող ոճով խոսել:
  • Խուսափեք սպառնալիքներից: Ետ դարձեք և վստահ դուրս եկեք՝ առանց որևէ ագրեսիայի: Անելանելի իրավիճակում կամ վտանգի մեջ հայտվելու դեպքում բղավեք:
  • Եթե ագրեսիայի ծավալներն աճեն, մի ձեռքն ազատ պահեք՝ գլուխը պաշտպանելու համար, և կարճ մտածված քայլերով տեղաշարժվեք՝ խուսափելով ընկնելուց: Եթե թիմով եք աշխատում, միասին եղեք և ձեռքերն իրար միացրեք: 
  • Թեև լինում են են դեպքեր, երբ ագրեսիայի արձանագրումը լինում է չափազանց կարևոր լրատվամիջոցների աշխատանքում, այնուամենայնիվ, տիրապետեք իրավիճակին և ձեր անվտանգությանը: Ագրեսիվ անձանց լուսանկարելը կարող է ավելի բորբոքել իրավիճակը:
  • Եթե ձեր հանդեպ ագրեսիայի դրսևորում է լինում, տվեք այն, ինչ հարձակվողը ցանակնում է: Այդ սարքերը չարժեն ձեր կյանքը:

Արցունքաբեր գազի հետ առնչվելիս ռիսկը նվազեցնելու համար՝

  • Դիտարկեք արցունքաբեր գազերից պաշտպանող հակագազեր կամ շնչադիմակներ կրելու անհրաժեշտությունը:
  • Ասթմա կամ շնչառական խնդիրներ ունեցող անձինք պետք է խուսափեն այնպիսի վայրերից, որտեղ արցունքաբեր գազ է կիրառվում: Ինչպես նաև, խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ: Եթե մեծաքանակ արցունքաբեր գազ է կիրառվում, գազի բարձր կոնցենտրացիայի առկայություն հավանականություն կա այնպիսի վայրերում, որտեղ չկա օդի շարժ: 
  • Գրառեք ցանկացած պոտենցիալ ուղենիշ, ինչպիսին են նշումներն ու եզրաքարերը, որոնք կարող են կիրառվել տարածքից դուրս գալու նպատակով, եթե դժվարանում եք տեսնել ելքի ճանապարհը:
  • Եթե արցունքաբեր գազի ազդեցության տակ եք ընկել, փորձեք գտնել ավելի բարձր տարածք և կանգնել մաքուր օդում՝ թույլ տալու, որպեսզի մեղմ քամին ցրի գազը: Մի տրորեք ձեր աչքերը կամ դեմքը, քանի որ դա կարող է էլ ավելի վատթարացնի վիճակը: Հնարավորության դեպքում սառը ցնցուղ ընդունեք՝ գազը մաշկից լվանալու համար, սակայն լոգանք մի ընդունեք: Հնարավոր է՝ կարիք լինի հագուստը մի քանի անգամ լվանալու՝ լիարժեքորեն հեռացնելու կամ հանելու դրա վրայի բյուրեղները:

Ֆիզիկական անվտանգություն. անհյուրընկալ համայնքներում աշխատելիս՝

Հաճախ լրագրողները ստիպված են լինում ռեպորտաժներ վարել այնպիսի վայրերից կամ համայնքներից, որոնք անհյուրընկալ վերաբերմունք են դրսևորում լրատվամիջոցների կամ դրսից ցանկացած մեկի հանդեպ: Դա կարող է պատահել, եթե համայնքի կողմից ընկալվի, որ մամուլը արդարացիորերն չի ներկայացնում նրանց կամ ներկայացնում է բացասական կողմից: Ընտրարշավի ժամանակ լրագրողներից կարող է պահանջվել երկարացված ժամանակահատվածներով աշխատել այնպիսի համայնքներում, որոնք անհյուրընկալ են տրամադրված լրատվամիջոցների հանդեպ:

Ռիսկը նվազեցնելու համար՝

  • Հնարավորության դեպքում ուսումնասիրեք համայնքը և նրանց տեսակետները: Փորձեք հասկանալ, թե ինչ արձագանք կունենան նրանք լրատվամիջոցների առկայությանը, ըստ անհրաժեշտության, հնարավորինս աննկատ մասնակցություն ցուցաբերեք:
  • Կրեք հագուստ առանց լրատվական ընկերության բրենդինգի և, ըստ անհրաժեշտության, հեռացրեք լրատվամիջոցի պատկերանիշը սարքերից/փոխադրամիջոցներից: Կրեք համապատասխան հագուստ և կոշիկներ:
  • Ապահովեք ձեր մուտքը դեպի համայնք: Միջոցառման վայր առանց հրավերի կամ ինչ-որ մեկի երաշխավորման հայտնվելը կարող է խնդիրների հանգեցնել: Աշխատանքի հրավիրեք կամ թույլտվություն ստացեք մեկից, որը կարող է տեղում լուծել առաջացած խնդիրները, օրինակ՝ համայնքի ղեկավարը կամ մեկը, որն ունի բարձր հեղինակություն տվյալ համայնքում և կարող է օգնել համակարգելու ձեր գործողությունները: Գտեք տեղացի ազդեցիկ մեկին, որը կօգնի համակարգել գործողությունները արտակարգ իրավիճակի դեպքում:
  • Միշտ հարգալից եղեք մարդկանց և նրանց ունեցած հավատների/մտահոգությունների նկատմամբ:
  • Խուսափեք գիշերն աշխատելուց. այդ ընթացքում ռիսկերը չափազանց ավելանում են:
  • Եթե կա ալկոհոլի և թմրամիջոցների խիստ չարաշահում համայնքում, անկանխատեսելիության գործոնն աճում է:
  • Սահմանափակեք արժեքավոր իրերի/կանխիկ գումարի առկայությունը: Արդյո՞ք գողերին կհետաքրքրի ձեր սարքերը: Եթե ագրեսիվ արարքի հետ առնչվեք, տվեք հարձակվողին ինչ նրանք կամենան: Սարքերը չարժեն ձեր կյանքը: 
  • Սկզբունքորեն աշխատեք թիմով կամ պահուստային թիմով: Կախված ռիսկի ծավալից՝ պահուստային թիմը կարող է սպասել ձեզ մոտակա անվտանգ որևիցե տարածքում (օրինակ՝ առևտրի մոլ/բենզալցակայան)՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու:
  • Պլանավորեք ձեր այցը: Դիտարկեք տարածքի աշխարհագրությունը և համապատասխան պլան մշակեք:
  • Ձեր մեքենան կայանեք մի դիրքում, որը պատրաստ կլինի մեկնել ցանկացած պահի: Ցանկալի է՝ վարորդը մեքենայում լինի:
  • Եթե պետք է ձեր մեքենայից հեռու աշխատեք, պարզեք՝ ինչպես պետք է ետ վերադառնաք դրա մոտ: Ուղենշաններ գտեք և այս տեղեկությունով կիսվեք ձեր գործընկերների հետ:
  • Ճշտեք՝ որտեղ կարելի է գնալ բժշկական արտակարգ իրավիճակների դեպքում և ելքի ռազմավարության պլան մշակեք:
  • Դիտարկեք անվտանգության անհրաժեշտությունը, եթե առկա է բարձր ռիսկ: Տեղում ձեզ/ձեր հավաքակազմը պաշտպանելու նպատակով վարձած անվտանգության աշխատակիցը կարող է հետևել զարգացող սպառնալիքին մինչ դուք կենտրոնացած կլինեք ձեր աշխատանքի վրա: 
  • Ցանկալի է թույլտվություն խնդրել նախքան որևէ մեկին տեսագրելը/լուսանկարելը, մասնավորապես, եթե դուք չունեք հեշտ ելքի տարբերակ: 
  • Ձեզ հետ վերցրեք բժշկական առաջին անհրաժեշտության պարագաների հավաքածու, եթե գիտեք՝ ինչպես օգտվել դրանից:
  • Երբ ձեռք բերեք այն ողջ տեղեկությունը, որը ձեզ անհրաժետ է, դուրս եկեք և մի մնացեք այնտեղ ավելի երկար, քան անհրաժեշտ է: Նաև օգտակար է նախապես համաձայնեցված դադարի ժամ ունենալ և դուրս գալ հենց այդ ժամանակ: Եթե թիմի անդամներից մեկն անհարմար է զգում, ժամանակ մի վատնեք նրա հետ քննարկում վարելու համար: Պարզապես հեռացեք:
  • Նախքան հեռարձակումը/ հրապարակումը հաշվի առեք, որ հնարավոր է կարիք լինի վերադառնալու այդ տարածք: Արդյո՞ք ձեր լուսաբանումը կազդի ձեր մուտքի վրա, եթե դուք վերադառնաք:

Ֆիզիկական անվտանգություն. հանցագործությունից տուժած վայրում աշխատելիս՝

Լրագրողները հաճախ են դառնում հանցագործության զոհ վտանգավոր վայրերում աշխատելիս կամ հանցագործության տեսարաններից ռեպորտաժներ վարելիս:

Ռիսկը նվազեցնելու համար՝

  • Նախապես ուսումնասիրեք այն տարածքները, որտեղ աշխատելու եք և պարզեք այնտեղի անցուդարձը նախքան այնտեղ գնալը: Ձեր պլանները հարմարեցրեք համապատասխանաբար ըստ իրավիճակի:
  • Խուսափեք ուշ գիշերն աշխատելուց այպիսի վայրերում, որտեղ հանցագործության բարձր հաճախակիություն է դիտվում: Եթե պետք է ռեպորտաժ վարեք, վստահ եղեք, որ ձեր գործընկերները ձեզ հետ են:
  • Եղեք քաջատեղյակ վայրի աշխարհագրությունից, որպեսզի մուտքի/ելքի ուղիները հնարավոր լինի գնահատել պոտենցիալ խնդիրների պարագայում, այնպիսին, ինչպիսիք են փակուղիները կամ դժվարանցանելի միջանցքները: Պետք է պարզել օգնության/բժշկական հաստատության ամենամոտ և հարմար կետը և մուտքի ուղիներ նշել նախքան մեկնումը:
  • Ուշադրություն մի գրավեք: Անհրաժեշտ է խուսափել հարստության բացահայտ ցուցադրումներից, մասնավորապես՝ զարդերի, ժամացույցների, կամ թանկարժեք իրերի բաց կրումը, ինչպիսին են, օրինակ, տեսախցիկները կամ հեռախոսները:
  • Նախապես որոշեք կանխիկ գումարի ողջամիտ քանակ և նաև վայրը, որտեղ դուք կրելու եք այդ գումարը և կրեդիտային քարտերը:
  • Հաշվի կառնվի ձեր կողմից վստահված կոնտակտների հաստատումը այն վայրի համար, որտեղ պատրաստվում եք այցելել, որոնք կարող են խորհրդատվություն կամ օգնություն առաջարկել:
  • Հեռախոսը բացահայտ կերպով մի օգտագործեք հանրային ճանապարհներին կամ փողոցներում:
  • Ռեպորտաժ վարելու վայրը պետք է զ գուշորեն ընտրվի: Միշտ ունեցեք հստակ ելքեր, ապահովագրեք ձեզ՝ ձեր կողքին ունենալով մարդիկ, որոնք կպաշտպանեն ձեզ հարձակումներից: Եթե կան տեսանելի հանցավոր էլեմենտներ մոտակայքում, այլ վայրեր դիտարկեք:
  • Առաջադրանքի ժամանակը պետք է նվազագույնի հսցնել: Ներս մտեք, ստացեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, և դուրս եկեք: Տարածքում ավելի, քան 15-ից 20 րոպե անցկացնելն ավելացնում է խոցելիությունը:
  • Ողջ գործողության ընթացքի համար պետք է մշակված լինի հաղորդակցման պլան՝ առաջադրանքը կատարողների և նրանց առաջնային կոնտակտների միջև կանոնավոր կապ ապահովելու համար: Պետք է հաստատվի տագնապի ընթացակարգ:
  • Եթե որևէ հանցագործության մասին եք ռեպորտաժ վարում, հաշվի առեք համայնքի/զոհերի զգացմունքները: Նրանց վերարբերվեք հարգանքով և հնարավորինս համաձայնություն ձեռք բերեք հարցազրույց վարելու կամ լուսանկարելու համար:
  • Եթե ինչ-որ մեկի հետ առերեսվում եք, ընդհանրապես խորհուրդ է տրվում լիովին ենթարկվել հանցագործի պահանջներին, չփորձել պատասխանել: